Հայաստանը ընտրում է երեք ստարտափ VivaTech 2026-ի համար

MAR_3047_resized

Հայաստանում հաջողությամբ եզրափակվեց «Դարպաս դեպի Վիվաթեք 2026» (Gateway to VivaTech 2026) ազգային փիչ-մրցույթը՝ դառնալով կարևոր ուղենիշ Արևելյան գործընկերության նորարարների և եվրոպական առաջատար տեխնոլոգիական էկոհամակարգերի միջև կապեր հաստատելու գործում։

Մրցույթը, որը կազմակերպվել էր EU4Innovation East-ի կողմից՝ տեղական գլխավոր գործընկերների հետ համագործակցելով, համախմբեց 13 հայկական խոստումնալից ստարտափների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր նորարարական լուծումներ տարբեր ոլորտներում։ Բավականին մրցակցային փիչինգի արդյունքում ընտրվեցին երեք ստարտափներ՝ Denovo Sciences, TACTUN և MedPair, որոնք Հայաստանը կներկայացնեն 2026 թվականի հունիսին Փարիզում կայանալիք Viva Technology 2026 միջոցառմանը։

Viva Technology(VivaTech) Եվրոպայի խոշորագույն ստարտափային և տեխնոլոգիական միջոցառումներից է, որը 2026 թվականին տոնում է իր 10-ամյակը։ Ամենամյա այս միջոցառումը աշխարհի տարբեր երկրներից համախմբում է ստարտափների, ներդրողների, կորպորացիաների և քաղաքականություն մշակողների՝ ապահովելով հզոր հարթակ նորարարության ներկայացման, գործընկերությունների ձևավորման և գլոբալ մասշտաբավորման համար։

Այս տարի EU4Innovation East-ը ևս VivaTech-ի շրջանակներում կկազմակերպի առանձին փիչ-նիստ՝ Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինը ստարտափների մասնակցությամբ՝ տարածաշրջանի տեսանելիությունը էլ ավելի ամրապնդելով եվրոպական հարթակում։

Հայկական ազգային մրցույթի բացմանը EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժուլիեն Շմիթը նշեց․

«VivaTech-ը հայկական ստարտափներին ընձեռում է անմիջական կապի հնարավորություն ներդրողների, կորպորատիվ գործընկերների և եվրոպական նոր շուկաների հետ։ EU4Innovation East-ի աջակցությամբ մենք իրական հնարավորություններ ենք ստեղծում Արևելյան գործընկերության տարածաշրջանի հիմնադիրների համար՝ ներկայացնելու իրենց լուծումները, ձևավորելու ռազմավարական գործընկերություններ և մասշտաբավորվելու իրենց տեղական էկոհամակարգերից դուրս»։

Ընտրված ստարտափների համար VivaTech-ին մասնակցությունը ռազմավարական հնարավորություն է՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու և ոլորտի հիմնական դերակատարների հետ կապեր հաստատելու։

Ֆրանսիայի էկոհամակարգի հետ կապն առանձնահատուկ նշանակություն ունի MedPair-ի համար, որը ֆրանս-հայկական ստարտափ է և աշխատում է եվրոպական առողջապահության ոլորտում թվային մուտքի հարթակ ստեղծելու ուղղությամբ: Ինչպես նշեց MedPair-ի համահիմնադիր Թաթ Աջամյանը.

«MedPair.co-ն ֆրանս-հայկական ստարտափ է, որի նպատակն է ստեղծել թվային մուտքի հարթակ եվրոպական առողջապահության համար։ Մեզ համար միանգամայն նպատակահարմար է մասնակցել Ֆրանսիայի ամենախոշոր տեխնոլոգիական կոնգրեսին, ներկայացնել մեր գաղափարները և դաշնակիցներ գտնել եվրոպական առողջապահական էկոհամակարգում»։

TACTUN ստարտափի համար, որը դիփ թեք (deep-tech) ուղղվածություն ունի, միջոցառումը հնարավորություն է տալիս աճի այս վճռորոշ փուլում համապատասխան ներդրողների և գործընկերների հետ անմիջական կապ հաստատել։ TACTUN-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը շեշտեց.

«Այսօր կառուցվող յուրաքանչյուր նոր ռոբոտի անհրաժեշտ է կառավարման հատուկ համակարգ, և TACTUN-ը նպատակ ունի դա ապահովել օրերի ընթացքում՝ ամիսների փոխարեն։ VivaTech-ը համախմբում է Եվրոպայի նորարարական ստարտափների և դիփ թեք ներդրողների ամենալայն շրջանակին. սա հենց այն լսարանն է, որն անհրաժեշտ է մեզ Եվրոպայում ընդլայնվելու և սերմնային փուլին նախապատրաստվելու համար»:

Միևնույն ժամանակ, Denovo Sciences-ը դիտարկում է VivaTech-ը որպես հարթակ հայկական նորարարության գլոբալ ներուժը բիոտեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում դրսևորելու համար: Վարդան Հարությունյանը նշեց.

«Denovo Sciences-ում մենք օգտագործում ենք ԱԲ-ն, որպեսզի մշակենք նոր դեղանյութերի թեկնածուներ այնպիսի հիվանդությունների համար, որոնց դեպքում ավանդական մեթոդները լուծումներ չեն առաջարկում: VivaTech-ը կատարյալ բեմահարթակ է՝ ցույց տալու, որ համաշխարհային մակարդակի դիփ թեք և բիոտեխ նորարարությունը կարող է սկիզբ առնել հենց Հայաստանից։ Սիրով սպասում ենք ներդրողների, դեղագործական ոլորտի գործընկերների և այն նորարարների հետ կապերի հաստատմանը, ովքեր կիսում են մեր համոզմունքը, որ ԱԲ-ն հիմնովին կվերափոխի դեղամիջոցների հայտնաբերման ողջ գործընթացը»։

Միջոցառումն առանձնացավ նաև բարձրաստիճան մասնակիցներով․ մրցանակաբաշխությանը ներկա էին Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով լիազոր նախարար պարոն Բենժամեն Հադադը ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյին: Նրանց ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց Եվրամիության անդամ երկրների և գործընկեր պետությունների միջև նորարարական կապերի խորացման կարևորությունը:

Մրցույթը կազմակերպվել էր էկոհամակարգի դերակատարների ամուր ցանցի հետ համագործակցությամբ, որոնց թվում էին Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA), Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN), Formula VC-ն, Triple S Ventures-ը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), Plug and Play Armenia-ն, eqwefy-ը, և Picsart-ը։

EU4Innovation East-ը ջերմորեն շնորհավորում է ընտրված ստարտափներին և մաղթում հաջողություն իրենց ճանապարհին դեպի VivaTech 2026-ի բեմ՝ դեպի կարևորագույն հնարավորություն՝ ներկայացնելու իրենց լուծումները, կապեր հաստատելու միջազգային գործընկերների հետ և մուտք գործելու համաշխարհային շուկաներ։

Latest news