Հետազոտությունից դեպի արդյունաբերություն․ Հայաստանն ուսումնասիրում է Լեհաստանի և Ֆրանսիայի հետ այռոտիեզերական ոլորտում համագործակցության հնարավորությունները

838659672_122212829690768538_5910045016380977491_n (1)
2026 թվականի հոկտեմբերի 5–10-ը այռոտիեզերական արդյունաբերության, հետազոտական հաստատությունների, ակադեմիական և նորարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հայկական պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վարշավա և Թուլուզ՝ ծանոթանալու տիեզերական ոլորտում եվրոպական առաջատար փորձին և բացահայտելու միջազգային համագործակցության նոր հեռանկարներ։

EU4Innovation East ծրագրի կողմից կազմակերպված ճանաչողական այցի առանցքում տեխնոլոգիական փորձի և գիտելիքի փոխանցումն էր, ստարտափների զարգացման հեռանկարների նախանշումը, հետազոտությունների առևտրայնացումը (կոմերցիալիզացիան), ինչպես նաև եվրոպական արդյունաբերական ու հետազոտական կառույցների հետ գործընկերության հաստատումն ու համատեղ նախագծերի մեկնարկը։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի նորարարական հիմնադրամի (AIF), Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA), «BAZOOMQ» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի, «Geovibe» ընկերության, Գիտական նորարարությունների և կրթության կենտրոնի (CSIE), Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի, «Geocosmos» ՓԲԸ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները։ Այցի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցել են EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժյուլիեն Շմիթը և Հայաստանի ծրագրերի համակարգող Նեժդեհ Հովհաննիսյանը։

«Հայաստանն ունի գիտահետազոտական զգալի ներուժ և արագ զարգացող տիեզերական տեխնոլոգիաների էկոհամակարգ։ Հայաստանի կազմակերպություններին Լեհաստանի և Ֆրանսիայի գործընկերներին ներկայացնելը նպատակ ունի վերոնշյալ փորձառությունը արդյունաբերական և հետազոտական գործնական համագործակցության վերածելու։ Նման այցերը հնարավորություն տվեցին ծանոթանալու եվրոպական տարբեր մոդելների, հաստատելու անմիջական կապեր և հստակեցնելու այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատանքը կարող է շոշափելի արդյունքներ ապահովել։ Այժմ առաջնահերթությունը ստեղծված կապերի խորացումն է և առավել խոստումնալից հնարավորությունները կոնկրետ գործողությունների վերածելը», նշել է EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժյուլիեն Շմիթը։

Հոկտեմբերի 5–6-ը Վարշավայում պատվիրակությունն ուսումնասիրել է Լեհաստանի փորձը տիեզերական արդյունաբերության զարգացման, ինչպես նաև բիզնեսի, հետազոտական հաստատությունների և ոլորտային պետական կառույցների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Creotech Instruments, Łukasiewicz Research Network – Institute of Aviation, ICEYE, PIAP Space, Լեհաստանի տիեզերական արդյունաբերության ասոցիացիայի և SENER ընկերության հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են արբանյակաշինության, Երկրի հեռակա դիտարկման, տիեզերական ռոբոտաշինության, ինժեներական լուծումների և ոլորտային շահերի ներկայացման (advocacy) հարցեր։ Քննարկումները հնարավորություն տվեցին պատկերացում կազմել տեխնիկական կարողությունների հզորացման, մասնագիտացված ընկերությունների աջակցության և միջազգային շուկաներ դուրս գալու ռազմավարությունների շուրջ։

Հոկտեմբերի 7–9-ը ծրագիրը շարունակվել է Թուլուզում (Ֆրանսիա), որտեղ պատվիրակությունը ծանոթացել է այռոտիեզերական ոլորտի էկոհամակարգին, որն արդյունավետորեն միավորում է համալսարանները, հետազոտական կենտրոնները, ստարտափներն ու խոշոր արդյունաբերական հսկաներին։ Aerospace Valley-ի և դրա DISTRICT աքսելերացիոն ծրագրի, IRT Saint Exupéry-ի, ANITI-ի, U-Space-ի, Մոնպելյեի համալսարանական տիեզերական կենտրոնի, Thales Alenia Space-ի, Airbus Defence and Space Intelligence-ի, Toulouse Tech Transfer-ի և ISAE-SUPAERO-ի ներկայացուցիչների հետ քննարկումների առանցքում էին արբանյակային տեխնոլոգիաները, արհեստական բանականության կիրառումը, ստարտափների արագացված զարգացումը, հետազոտությունների առևտրայնացումն ու այռոտիեզերական կրթությունը։ Kratos և EnduroSat ընկերությունների հետ անցկացված լրացուցիչ տեխնիկական հանդիպումների ընթացքում դիտարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերջին զարգացումներն ու գործընկերության հնարավոր ուղիները։

Երկու այցելությունները հայ մասնակիցներին հնարավորություն տվեցին համադրելու այռոտիեզերական ոլորտի զարգացման տարբեր մոդելները՝ Լեհաստանի արդյունաբերական կարողություններից ու համակարգումից մինչև Ֆրանսիայի՝ հետազոտությունները շուկային կապող մեխանիզմներն ու ստարտափների աջակցման գործիքակազմը։ Դիտարկվել են նաև Հայաստանի համար կիրառելի լուծումները, այդ թվում՝ համատեղ հետազոտությունների անցկացումը, համալսարանական փոխանակման ծրագրերը, ուսանողների վերապատրաստումը, տեխնոլոգիական առաջընթացն ու տեղական ընկերությունների ինտեգրումը միջազգային մատակարարման շղթաներին։

Այցերի արդյունքում նախանշվել են համագործակցության ավելի քան տասը հեռանկարային ուղղություններ, այդ թվում՝

  • Հայաստանում այռոտիեզերական ոլորտի ստարտափների համար մասնագիտացված ինկուբացիոն ծրագրի հիմնումը,
  • Տեղական ինկուբացիա անցած ստարտափների արագացված (աքսելերացիոն) զարգացումը,
  • Ակադեմիական ու գիտական համագործակցությունը,
  • Արբանյակների համատեղ մշակումն ու առաքելությունների կառավարումը,
  • Համագործակցությունը Հայաստանի երկրային ընդունիչ կայանի հետ,
  • Աջակցությունը տեխնոլոգիաների փոխանցման (technology transfer) գործընթացներին։

EU4Innovation East ծրագիրը հետևողականորեն կաջակցի նախանշված ուղղություններով հետագա աշխատանքների իրականացմանը՝ օգնելով շահագրգիռ կազմակերպություններին գնահատել հաջորդ գործնական քայլերը և դիմել եվրոպական ֆինանսավորման համապատասխան ծրագրերին։ 

Այս նախաձեռնությունը Հայաստանի նորարարական էկոհամակարգի ամրապնդման և այռոտիեզերական ոլորտում ազգային ներուժը եվրոպական հետազոտական ու արդյունաբերական տիրույթին ինտեգրելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում։

Latest news