Այս կարևորագույն իրադարձությունն ընդգծեց Հայաստանի նորարարական ոլորտի դինամիկ զարգացումը, ինչպես նաև՝ երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի ուժը և միջսահմանային համագործակցության նշանակությունը։
«EU4Innovation East»-ը հպարտորեն ընդառաջեց այս ռազմավարական նախաձեռնությանը, որի նպատակն էր կապեր հաստատել Հայաստանի և Եվրոպայի ներդրողների, հիմնադիրների ու էկոհամակարգի առաջնորդների միջև։ Կոնգրեսը ստեղծեց գիտելիքների փոխանակման, միջազգային ներդրումների և երկարաժամկետ համագործակցության նշանակալի հնարավորություններ՝ հանդես գալով որպես հարթակ, որտեղ նորարարությունը ոչ միայն ընդգծվում, այլև խթանվում է։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքերով ներկայացան՝
● ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
● ՀՀ-ում ԵՄ դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը,
● «EU4Innovation East» ծրագրի տնօրեն Ժուլիեն Շմիթը,
● Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN) տնօրեն Ջակոպո Լոսսոն,
● Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը,
● «BANA» հրեշտակ ներդրողների ցանցի տնօրեն Սոնա Վեզիրյանը։
Բանախոսներն ընդգծեցին Հայաստանի աճող դերը որպես կապող օղակ՝ եվրոպացի ներդրողների և տարածաշրջանային նորարարական հնարավորությունների միջև՝ միաժամանակ անդրադարձ կատարելով ներառական և կայուն էկոհամակարգեր ձևավորելու անհրաժեշտությանը։
Կոնգրեսի ընթացքում անցկացվեցին վեց պանելային և երեք կլոր սեղան-քննարկումներ` ստարտափային միջավայրը ձևավորող առանցքային թեմաների շուրջ, որոնց թվում էին կանանց ձեռներեցության մարտահրավերներն ու հնարավորությունները, սփյուռքի ներգրավվածությունը, միջազգային
ներդրողների համար ֆինանսավորման ռազմավարությունները, բիզնես հրեշտակների դերը պորտֆելային ընկերություններին աջակցելու հարցում, պետական-մասնավոր համատեղ ներդրումային հիմնադրամի մոդելները և էկոհամակարգի զարգացման ու քաղաքականության նորարարության լավագույն փորձը Եվրոպայում։
Հատկանշական պահերից էր հայկական չորս նորարարական ստարտափների՝ «Kartes Analytica»-ի, «Qualia Therapeutics»-ի, «CoinPlus»-ի և «Caselens»-ի ներկայացումը, որոնցից յուրաքանչյուրը առաջ քաշեց առաջատար լուծումներ՝ արտացոլելով տեղական տաղանդների ներուժը։ Ծրագիրը ներառում էր նաև «արագ ժամադրություն» ձևաչափի և ցանցայնացման հանդիպումներ՝ նպաստելով ներդրողների և հիմնադիրների միջև ուղիղ կապերի ստեղծմանը, և եզրափակվեց գալա ընթրիքով՝ խորհրդանշական «Մեգերյան Կարպետ»-ի սրահում՝ միատեղելով ռազմավարական համագործակցությունն ու մշակութային փորձառությունը։
Պաշտոնական օրակարգից բացի՝ կոնգրեսը հյուրերին հնարավորություն տվեց ավելի խորը պատկերացում կազմել Հայաստանի ձեռներեցական ոգու մասին։ Հատուկ մշակված ծրագրի և էկոհամակարգային փոխգործակցության շնորհիվ միջազգային հյուրերը իրենց իսկ փորձով ուղղակիորեն պատկերացում կազմեցին երկրի մարդկային կապիտալի և նորարարության ու ներդրման ոլորտում որպես հեռանկարային կենտրոն հանդես գալու մասին։
Այս միջոցառումը լիովին համահունչ է «EU4Innovation East» ծրագրի առաքելությանը, այն է՝ խթանել ստարտափների վաղ փուլերի ֆինանսավորումը Արևելյան գործընկերության երկրներում։ Այն արտացոլում է մեր հիմնական նպատակներից մեկը՝ կառուցել կամուրջներ էկոհամակարգերի միջև և խթանել հարատև համագործակցությունը։ Հատկապես կարևոր էր եվրոպացի հրեշտակ ներդրողներին մոտեցնել աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական կենտրոններից մեկին։
Կոնգրեսն ընդգծեց կանանց առաջնորդության կարևորությունը նորարարության և ներդրումների ոլորտում։ Կանանց գլխավորած ստարտափներին աջակցելու և հրեշտակների ցանցերում նրանց ներկայության ընդլայնմանը տրված կարևորությունը արտացոլում է ներառական աճի հանդեպ եղած ընդհանուր հանձնառությունը։ Ստարտափային և ներդրումային ոլորտներում գենդերային բազմազանության խթանումը էական է ավելի ուժեղ և կայուն էկոհամակարգեր կառուցելու գործում։
Ի վերջո, «Դարպաս դեպի ԵՄ» կոնգրեսը ծառայեց ոչ միայն որպես ցանցային հարթակ, այլև որպես ներդրումների, մենթորության և տարածաշրջանային համագործակցության ռազմավարական արագացուցիչ։
Կոնգրեսը համատեղ կազմակերպվել է «BANA Angels»-ի, Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանց (STAN) և Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբ (AICA) կազմակերպությունների կողմից՝ համագործակցելով Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN) հետ։
Կոնգրեսին աջակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսավորել՝ Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև «EU4Innovation East» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության, համաֆինանսավորվում՝ Ֆրանսիայի կառավարության և իրագործվում՝ «Expertise France»-ի, ինչպես նաև «UN Women Armenia»-ի կողմից։