Case Lens. Իրավաբանության Ուսանողի Հետաքրքրասիրությունից Դեպի Իրավական Տեխնոլոգիական Միջազգային Լուծում

IMG_00123
Արամ Աղաբաբյանի համար CaseLens-ի ստեղծման ուղին սկսվեց ոչ թե մեկ հստակ պահից, այլ միջազգային արբիտրաժի ոլորտում տարիների գործնական փորձից։ «Ես աշխատել եմ միջազգային արբիտրաժի ոլորտում, մասնավորապես՝ արբիտրաժային տեխնոլոգիական ստարտափներում։ Նաև ունեմ իրավաբանի որակավորում և տարիներ շարունակ զբաղվել եմ արբիտրաժային պրակտիկայով»,- նշում է նա։ Երբ Արամը և իր համահիմնադիրները սկսեցին ուսումնասիրել իրավական տեխնոլոգիաների հնարավորությունները, նրանք որոշեցին կենտրոնանալ մի ոլորտի վրա, որը լավագույնս էին ճանաչում, ոլորտ, որտեղ նրանց փորձը, մասնագիտական կապերը և իրական աշխատանքային հոսքերի ընկալումը կարող էին նշանակալի ազդեցություն ունենալ։

Ի սկզբանե հիմնադիրները CaseLens-ը ստեղծեցին՝ հետևելով մի պարզ սկզբունքի. ստեղծել այնպիսի մարդկանց միջավայրում, ովքեր այն կօգտագործեն։ Նրանք իրականացրին ուսումնասիրություններ արբիտրաժային իրավաբանների հետ, քարտեզագրեցին այն առաջադրանքները, որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող էր օգտակար լինել, և սկսեցին ձևավորել դիզայն-գործընկերություններ։ «Մենք սկսեցինք լուծումներ գտնել իրավաբանական ընկերությունների հետ միասին», – նշում է Արամը։ «Ահա այսպես մենք հասանք իրապես օգտակար մի բանի, այլ ոչ թե  այն փակ դռների հետևում ստեղծեցինք»։

Փորձից Կերտելով Նորարարություն

CaseLens-ը շուտով վերածվեց արբիտրաժային աշխատանքի պահանջկոտ իրողություններին հարմարեցված հարթակի։ Ի տարբերություն պարզ չաթ-ինտերֆեյսներով աշխատող «առաջին սերնդի գործիքների»՝  CaseLens-ը կենտրոնանում է իրավական կոնկրետ առաջադրանքների վրա։ «Չաթ-ինտերֆեյսները ստեղծված չեն իրավական աշխատանքի համար», – ընդգծում է Արամը։ Փոխարենը, թիմը նախագծեց կառավարման վահանակներ, որոնք օգտատերերին թույլ են տալիս  ստուգել աղբյուրները, ֆիլտրել ավելորդ ինֆորմացիան և կառավարել ծանրաբեռնված փաստաթղթային աշխատահոսքերը։ Սրանք առանցքային հնարավորություններ են վեճերի պրակտիկայում։

CaseLens-ի դիզայնի գծով գլխավոր տնօրենը՝ Շուշանը, բացառիկ փորձ բերեց նախագծին։ «Նա թվայնացրել է Ասիայի և Աֆրիկայի 30 երկրի արդարադատական համակարգերը», – նշում է Արամը։ Շնորհիվ երեք համահիմնադիրներից բաղկացած փոքր բայց փորձառու թիմի, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում իրավական տեխնոլոգիաների ոլորտում նրանց ունեցած միջազգային փորձի՝ CaseLens-ը արագ առաջ շարժվեց։ «Մենք ինքնաբավ թիմ ենք. երեք հոգով հասնում ենք այնպիսի արդյունքի, որի համար կպահանջվեր տասը կամ քսան հոգի»։

Առաջին Գործընկերություններ և Վավերացում՝ Իրական Միջավայրում

Նյու Յորքում, Շվեյցարիայում և ԵՄ-ում գտնվող իրավաբանական ընկերությունների հետ դիզայն-գործընկերությունների հաստատումը  դարձավ վճռորոշ ուղենիշ։ «Կարևոր է, որ լուծումը ստեղծվի հետադարձ կապով»,- նշում է Արամը։ Համատեղ ստեղծումը հնարավորություն տվեց վավերացնել իրական կիրառման դեպքերը և կատարելագործել գործիքները, որոնք թույլ են տալիս փաստաբաններին խնայել ժամանակ, բարելավում են ճշգրտությունը և արդյունավետ կառավարում ծանրաբեռնված գործերը։

Թիմի ամենահիշարժան փորձառություններից մեկը միջազգային խոշոր արբիտրաժային մրցույթի ժամանակ էր, որին մասնակցում էին 160 համալսարաններ։ Որպես տեխնոլոգիական գործընկեր՝ CaseLens-ը մասնակից ուսանողներին տրամադրեց իր գործիքը։ «Նրանք ասում էին՝ չի կարող պատահել, որ մենք եք հիմնադիրները, կարծում էին՝ ինչ-որ մեծ ընկերություն է»,- ժպիտով հիշում է Արամը։ Ուսանողները պատմում էին, թե որքան էր գործիքն օգնել մրցույթի ընթացքում, ինչը կրկին հաստատեց թիմի համոզմունքը, որ այն, ինչ ստեղծում են, իսկապես օգտակար է։

Դիզայն-գործընկերների կողմից թիմը ևս նշանակալից վավերացում ստացավ։ «Ոմանք ընդամենը երկու բան էին ասում։ Նշում էին, որ շատ տպավորված են, և հարցնում, թե արդյոք վաճառվում է»,- պատմում է Արամը։ Այսպիսի արձագանքները ցույց տվեցին հարթակի գործնական արժեքը, որը շատ ավելին էր, քան իրավական ԱԲ-ի մասին տարածված կարծիքները։

«EU4Innovation East»-ը կարևոր դեր խաղաց CaseLens-ի տեսանելիության և միջազգային ընդլայնման գործում՝ աջակցելով թիմի մասնակցությանը GITEX, DigiTec և TechVillage Moldova միջոցառումներին՝ երեք խոշոր հարթակներ, որոնք ստարտափներին միավորում են միջազգային ներդրողների, նորարարների և տարածաշրջանային գործընկերների հետ։ GITEX-ը և DigiTec-ը թիմին հնարավորություն տվեցին նախապես կապեր հաստատել և հետադարձ կապ ստանալ, իսկ TechVillage Moldova-ն առանձնացավ իր բարձր արդյունավետությամբ։ «Այն չափազանց շահավետ էր ներդրումների եկամտաբերության (ROI) տեսանկյունից»,- նշում է Արամը։ Ձևաչափը թույլ տվեց ստարտափներին իրենց փիչերը անմիջապես ներդրողներին ներկայացնել, մանրամասն զրուցել և ընտրել համապատասխան կապերը։ «Շատ կարևոր է ներդրողների հետ հենց սկզբից կապ հաստատել»,- նշում է Արամը։ «Այնուհետև կարելի է շարունակել կապը, նրանց ներառել տեղեկագրերում և հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել ապագայում»։

«EU4Innovation»-ի ընձեռած հնարավորությունները, մենթորության և ռազմավարական տեսանելիության հետ մեկտեղ,  օգնեցին CaseLens-ին կատարելագործել իր դրամահավաքի մոտեցումները և ամրապնդել իր ներկայությունը Հայաստանի սահմաններից դուրս։ «Այս միջոցառումներն օգնեցին մեզ կապ հաստատել ինչպես էկոհամակարգի ներսում, այնպես էլ հայկական էկոհամակարգից դուրս»,- շեշտում է Արամը։

Ապագայի Տեսլական

Այսօր CaseLens-ը ակտիվ դրամահավաքի փուլում է և պատրաստվում է մասշտաբավորվել։ Արամը և մյուս համահիմնադիրները նախատեսում են շարունակել ստեղծել, նորարարել և հարմարվել շուկայի պահանջներին։ «Մենք սիրով ենք այս ամենն անում»,- ասում է նա։ «Ցանկանում ենք այն հնարավորինս երկարաձգել և հասնել որքան հնարավոր է շատ ուղենիշների։ Շուկան ցույց կտա հետագա ընթացքը, մենք ինքներս կհարմարվենք շուկային, այլ ոչ թե կսպասենք, որ շուկան հարմարվի մեզ»։

Թվային Ցուցանիշներ

  • 60 մլն դոլարից ավելի ընդհանուր արժեքով արբիտրաժային վեճեր մշակվել են  հարթակում,
  • 5000-ից ավելի  ուսանողներ և իրավական մասնագետներ աջակցվել են,
  • 66% բարելավում է գրանցվել փաստաթղթերի ուսումնասիրության ծախսերում,
  • CaseLens-ն ունի ակտիվ օգտատերեր՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Շվեյցարիայում և այլ երկրներում,
  • CaseLens-ի դիզայնի գծով գլխավոր տնօրենի կողմից թվայնացվել են Ասիայի և Աֆրիկայի 30 երկրների  արդարադատության համակարգեր։

*******

«EU4Innovation East»-ը տարածաշրջանային ծրագիր է, որը նպատակ ունի խթանել ստարտափ էկոհամակարգերի մրցունակությունը Արևելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա։ Այն աջակցում է բարձր արդյունավետություն ցուցաբերող ինկուբատորների զարգացմանը, ստարտափների ֆինանսավորման և շուկայական հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև տրամադրում է հատուկ հարմարեցված աջակցություն թիրախային երկրների զարգացող տեխնոլոգիական ոլորտին։ Ռազմավարական համաֆինանսավորման, հմտությունների զարգացման, կարգավորման աջակցության և գենդերային ներառականության հանդեպ հաստատակամության շնորհիվ «EU4Innovation East»-ը հիմք է դնում կայուն, երկարաժամկետ զարգացման համար՝ ապահովելով ինչպես ներառական, այնպես էլ բովանդակալից նորարարական միջավայր։

Latest news