Երևանում նորարարությունը, ստեղծարարությունն ու թվային կրթությունը գլխավոր դերերում էին «Եվրոպայի օր 2026» տոնավաճառին, որտեղ հարյուրավոր այցելուներ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ տոնելու ԵՄ-Հայաստան գործընկերության կողմից աջակցվող համագործակցությունը, բազմազանությունն ու հնարավորությունները։ Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում EU4Innovation East-ը ուժերը միավորեց Հայաստանի էկոհամակարգի երկու առաջատար դերակատարների հետ՝ FAST հիմնադրամի՝ «ԱԲ Սերունդ» ծրագրով, և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության՝ Armath Labs նախաձեռնությամբ՝ կազմակերպելով նորարարությանը, տեխնոլոգիաներին և ձեռնարկատիրությանը նվիրված ինտերակտիվ միջոցառումներ։

Տոնավաճառում ներկայացված երկու տաղավարների գործնական ցուցադրությունների, կրթական միջոցառումների և տեխնոլոգիաների ապագային վերաբերող քննարկումների շնորհիվ տարբեր տարիքի այցելուները հնարավորություն ունեցան անմիջապես ծանոթանալ Հայաստանի զարգացող նորարարական էկոհամակարգին։ Օրվա ընթացքում Armath Labs-ի սաները ներկայացրին ՍԹԵՄ լաբորատորիաների համապետական ցանցի կողմից մշակված ռոբոտաշինական և ինժեներական նախագծեր՝ ցույց տալով, թե ինչպես կարող են տեխնոլոգիաների հասանելությունն ու տեխնիկական կրթությունը նոր հնորավորություններ ընձեռել երիտասարդներին, մասնավորապես գյուղական համայնքներում։ Ինտերակտիվ ցուցադրությունները ստեղծեցին դինամիկ և ներգրավող մթնոլորտ՝ խրախուսելով այցելուներին գործնականում բացահայտել ինժեներական մտածողությունը, ստեղծարարությունն ու խնդիրների լուծման հմտությունները։

Միևնույն ժամանակ FAST հիմնադրամը այցելուներին ներկայացրեց իր ԱԲ կրթական նախաձեռնությունները, որոնց նպատակն է պատրաստել Հայաստանի նորարարների և տեխնոլոգիական առաջնորդների հաջորդ սերունդը։ Տեղեկատվական ներկայացումների և հանդիպումների միջոցով կազմակերպությունը ներկայացրեց «ԱԲ Սերունդ» կրթական ծրագրի և Ամառային ԱԲ ճամբարի հնարավորությունները, իսկ ծրագրի մասնակից աշակերտները ցուցադրեցին իրենց ուսումնառության ընթացքում մշակված ԱԲ նախագծերը։ Այս նախաձեռնությունները ցույց տվեցին, թե ինչպես է ԱԲ կրթությունն ավելի հասանելի դառնում երիտասարդ սովորողների համար և նպաստում Հայաստանում ապագային միտված հմտությունների զարգացմանը։
EU4Innovation East-ի և նրա գործընկերների մասնակցությունը ընդգծեց ծրագրի ավելի լայն նպատակները՝ ամրապնդել նորարարական էկոհամակարգերը Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ միաժամանակ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը թվային գրագիտության, ձեռնարկատիրության և համագործակցության կարևորության վերաբերյալ։ Եվրոպայի օրվա ընթացքում ստեղծելով ինտերակտիվ և ներառական փորձառություններ՝ այս նախաձեռնությունը ցույց տվեց, թե ինչպես կարող են էկոհամակարգային գործընկերությունները երիտասարդներին ընձեռել կրթական հնարավորություններ, ոգեշնչել ապագա ձեռնարկատերերին և խթանել հետաքրքրությունը զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ։
Այցելուների, ուսանողների, ուսուցիչների և էկոհամակարգի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածության շնորհիվ Երևանում «Եվրոպայի օր 2026» տեղեկատվական տոնավաճառը դարձավ ոչ միայն եվրոպական արժեքների և համագործակցության տոն, այլև հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի աճող նորարարական ներուժը։ EU4Innovation East-ի, FAST հիմնադրամի և Armath Labs-ի համատեղ իրականացրած միջոցառումները ընդգծեցին կրթության, նորարարության և համայնքահեն նախաձեռնությունների կարևոր դերը դիմակայուն և առաջադեմ հասարակությունների կառուցման գործում։