Բանաձևերից դեպի նորաձևություն. ինչպես Wearify-ը դարձավ Կարինե Մարտիրոսյանի երազանքը

GITEX2025-EU4innovationEAST-64
Կարինե Մարտիրոսյանի ուղին՝ ճարտարագիտական համալսարանի միջանցքներից մինչև նորաձևության տեխնոլոգիաների նորարարների նոր սերունդը, խոսում է համարձակության, եռանդի և հաստատակամության մասին։ Wearify-ը վիրտուալ հանդերձարան է, և Կարինեն՝ որպես այս նորարարական հավելվածի հիմնադիր և ստեղծագործ շարժիչ ուժ, ներդաշնակորեն միավորել է իր վերլուծական փորձն ու գեղագիտական սերը՝ կյանքի կոչելով այս վերափոխիչ տեսլականը։

«Սա իմ երազանքի իրագործումն է», — ասում է Կարինեն՝ լուռ հպարտությամբ, որը վկայում է խոսքերի հետևում թաքնված տարիների ջանքերի մասին։ Օժտված թե’ տրամաբանությամբ ու թե’ տեսլականով՝  Կարինեն մեծացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի աշխարհում՝ և հետագայում ստացել ճարտարագիտական կրթություն։ Բայց նույնիսկ տեխնիկական ոլորտում հաջողությունների հետ մեկտեղ՝ Կարինեն զգում էր, ինչ-որ կարևոր բան պակաս է։

Մինչ ճարտարագիտությունը սովորեցնում էր, թե ինչպես են գործում համակարգերը, նորաձևությունը նրան ազատություն էր տալիս պատկերացնելու, թե ինչ կարող է լինել։ «Ես միշտ գիտեի, որ նորաձևությունն է իմ կիրքը», — նշում է նա։ Այդ ճշգրտության և ստեղծագործ մտքի հակադրամիասնությունը շուտով պետք է դառնար նրա ձեռնարկատիրական ուղու հիմնաքարը։

Ամեն ինչ սկսվեց մի փոքրիկ հետազոտական նախագծից։ Այն համակարգչային հավելված էր, որը մարմնի չափսերի հիման վրա եվրոպական տարբեր բրենդների հագուստի չափեր էր առաջարկում։ Կարինեն հիշում է, որ նրա շրջապատում հատկապես կանանց կողմից արձագանքը չափազանց դրական էր։ Ոգեշնչված այս արձագանքից՝ նա որոշեց էլ ավելի զարգացնել այս գաղափարը։

Ստանալով գործնական գիտելիքներ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ կենտրոնացել էր ծրագրավորման և խաղերի մշակման վրա, Կարինեն խորացրեց իր գիտելիքները նաև հարակից ոլորտներում։ Այս փորձառությունը ոչ միայն ամրապնդեց նրա տեխնիկական հմտությունները, այլև էլ ավելի հաստատուն դարձրեց սեփական ստարտափ հիմնելու գաղափարը. «Թումոյի իմ որոշ գործընկերներ այժմ Wearify-ի թիմում են»,— հավելում է Կարինեն։

Wearify-ը սկզբում ստեղծվեց որպես բջջային հավելված, որը հիմնականում կենտրոնացած էր դիզայնի վրա։ Սակայն աշխատելով նորաձևության բրենդների հետ՝ Կարինեն շուտով նկատեց առցանց առևտրի մի մեծ բացթողում. չկար որևէ արդյունավետ լուծում, որը թույլ կտար հագուսոտը փորձել վիրտուալ կերպով։

Wearify-ն առանձնանում է նորաձևության տեխնոլոգիաների հագեցած դաշտում իր՝ բնականին հավատարիմ և հետազոտության վրա հիմնված նորարարական մոտեցմամբ։ Հավելվածը կիրառում է առաջադեմ գործիքներ՝ ճշգրտություն ապահովելու համար՝ ընդգրկելով ոչ միայն հագուստ, այլև կոշիկ և աքսեսուարներ։ Թիմն ակտիվորեն ներդրումներ է կատարում այնպիսի տեխնոլոգիական հետազոտություններում, որոնք դեռևս գոյություն չունեն շուկայում, առաջարկելով խորքային լուծումներ։

Այսօր Wearify-ն աշխատում է հինգ անդամներից բաղկացած փոքր, բայց հավակնոտ թիմով՝ երեք ճարտարագետ, մարքեթինգի մասնագետ և վաճառքի փորձագետ։ Միասին նրանք նախագիծը ոգեշնչումից վերածեցին արագ աճող ստարտափի։

Նվաճված նոր բարձունքներ GITEX-ում՝ փիչ արենայից մինչև ամուր գործընկերություններ

Wearify-ը հայկական հինգ առաջատար ստարտափներից մեկն է, որոնք ներկայացվեցին GITEX 2025-ին՝ «EU4Innovation East» ծրագրի աջակցությամբ։ Thermaiscan, CaseLens, nomiq և Matian ստարտափների հետ մեկտեղ Wearify-ի մասնակցությունը ռազմավարական քայլ էր՝ խթանելու միջազգային ճանաչելիությունը, ամրապնդելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգը և կապերը եվրոպական շուկայի հետ՝ հիմք դնելով ապագա համագործակցությունների և կայուն զարգացման համար։

Wearify-ի մասնակցությունը GITEX-ին կարևոր քայլ էր։ Որակավորվելով որպես SuperNova Challenge-ի կիսաեզրափակչի մասնակից՝ Wearify-ը ոչ միայն ընդլայնեց իր տեսանելիությունը, այլ նաև հաստատեց արժեքավոր կապեր պոտենցիալ գործընկերների և ներդրողների հետ։ «GITEX-ին մասնակցելու շնորհիվ այժմ բանակցություններ ենք վարում երեք հնարավոր համագործակցության շուրջ՝ խոշոր բրենդների հետ։ Մենք հանդիպել ենք նաև ներդրողների, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել մեր ստարտափի նկատմամբ։ Մեզ համար չափազանց կարևոր է մասնակցել նման եվրոպական միջոցառումներին», — նշում է Կարինեն։

Ներկայումս Wearify-ի առաջնային նպատակը Եվրոպայում ընդլայնվելն է՝ հատկապես Ֆրանսիայում, ինչպես նաև առաջիկա ծրագրեր են նախատեսվում Իտալիայում և Իսպանիայում։ Այս աշնանը Wearify-ը հանդես կգա Փարիզում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումների՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը կարևոր շուկաներում։

Հետ նայելով՝ Կարինեն խոստովանում է, որ ստարտափ ստեղծելը միշտ չէ, որ հեշտ գործ է։  «Ամեն օր ջանք է պետք։ Դա մեկ օրվա որոշում չէ», — ասում է նա։ «Ամեն առավոտ արթնանալիս պիտի մտածես քո նպատակի մասին»։

Իսկ եթե նա կարողանար մեկ խորհուրդ տալ ապագա հիմնադիրներին, կհորդորեր չհանձնվել։

Կարինե Մարտիրոսյանի պատմության մեջ գիտությունը և ոճը միահյուսվում են ոչ միայն որպես լուծում, այլև որպես հստակ ուղերձ. երազանքները, եթե հետևողականորեն ու համարձակությամբ եք գնում դրանց հետևից, իսկապես կարող են իրականություն դառնալ։

Latest news