Հուլիսին անցկացված «Sevan Startup Summit 2025» յոթերորդ միջոցառումը համախմբեց երիտասարդների, փորձագետների և էկոհամակարգերի զարգացմամբ զբաղվող մասնագետների՝ բացօթյա յուրօրինակ մթնոլորտում՝ Սևանա լճի գեղատեսիլ ափին։ Միջոցառումը տարիների ընթացքում դարձել է ավանդույթ՝ նվիրված տարածաշրջանային համագործակցությանը, ձեռնարկատիրական գործունեությանը և մարդակենտրոն նորարարությանը։ Փիչ ներկայացումներից ու նախատիպերից բացի՝ միջոցառումը ստեղծեց նաև իմաստալից շփման և գաղափարների փոխանաման մթնոլորտ՝ լճափնյա մայրամուտի մտորումներից մինչև խարույկի շուրջ քննարկումներ, և այս ամենը նորարարությանը հաղորդեցին իսկապես արժևորված և կենդանի շունչ։
«EU4Innovation East»-ը, գնահատելով այս հարթակի առանձնահատուկ պոտենցիալը, համահեղինակեց և ֆինանսավորեց «Talent Generation Track» նորարարական նախագիծը, որի նպատակն է խրախուսել երիտասարդներին ծանոթանալ ձեռնարկատիրական ոլորտին, դեռևս մինչև ստարտափ հիմնելը։
«Talent Generation Track»-ին մասնակցեցին 148 ուսանողներ և նորավարտ համալսարանականներ՝ ողջ Հայաստանից։ Նախագծի շրջանակներում նրանք ունեցան նախաինկուբացիոն փորձառություն՝ հիմնված հետաքրքրասիրության, համագործակցության և գործնական հմտությունների վրա։

Հնգօրյա ծրագիրը ներառում էր.՝
• Թեմատիկ դասընթացներ փորձագետների կողմից,
• Իրական ստարտափ մարտահրավերների լուծում,
• Անհատական մենթորություն և թիմային աշխատանք,
• Ստեղծարարությանը նպաստող անկաշկանդ մթնոլորտ։
Մասնակիցները ներգրավվեցին գործնական աշխատանքներում, ստացան ստարտափ ոլորտի վերաբերյալ գիտելիքներ, կապեր ստեղծեցին մենթորների և համախոհների հետ մի միջավայրում, որը լիովին տարբերվում էր ավանդական լսարաններից։
Ծրագիրը պարզապես ձեռնարկատիրական գործունեություն չէր ուսուցանում, այլ տալիս էր մասնակիցներին հնարավորություն՝ իրապես ապրելու այն։ Ինչպես նշում է «Talent Generation Track»-ի համահեղինակ և «Hackbox»-ի հիմնադիր Մարիա Յարոցկան. «Ծրագիրը համախմբեց 145 երիտասարդների, ովքեր եկել էին խորասուզվելու իրական ձեռնարկատիրության աշխարհում՝ հագեցած ընթացքով և գործնական փորձով։ Ամենատպավորիչ պահերից մեկն այն էր, երբ մասնակիցները դուրս եկան միջոցառման տարածք՝ դիտարկելու, հարցազրույց անցկացնելու և ոլորտում իրենց գաղափարները քննարկելու։ Շատերը նշեցին, որ դա ծրագրի ամենակարևոր պահն էր։ Այս նախագիծը օգնեց մասնակիցներին ձեռք բերել վստահություն, վերանայել իրենց պատկերացումները և հաղթահարել մարտահրավերները թիմային աշխատանքով՝ միաժամանակ չկտրվելով սեփական գաղափարներից։ Այն ցույց տվեց, թե որքան մեծ աճ կարող է լինել ընդամենը մի քանի օրում, եթե հետաքրքրասիրությունն ու կառուցվածքը հանդիպեն իրար»։

Նախագիծն աննախադեպ ուսումնական փորձառություն էր։ Ինչպես պատմում է ՀՖՀՀ ուսանող և «Talent Generation Track»-ի մասնակից Հասմիկ Մարգարյանը․ «Անկրկնելի փորձառություն էր շրջապատված լինել ոգեշնչող ձեռնարկատերերով, մենթորներով և նորարարներով՝ ամբողջ Հայաստանից և դրա սահմաններից դուրս։ Ծրագիրը ինձ կարևոր հայացքներ փոխանցեց ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ, նպաստեց իմ մասնագիտական և անձնային աճին, և թույլ տվեց հաստատել արժեքավոր կապեր նման մտածելակերպի տեր անհատների հետ։ «Talent Generation»-ը շատ ավելին էր քան պարզապես կրթական հարթակը. սա հնարավորություն էր՝ դառնալու մի համայնքի մաս, որը հավատում է նորարարությանը, ստեղծարարությանը և Հայաստանի ապագային»։
Ծրագրին մասնակցած մեկ այլ ուսանող՝ Լիլիթը, նշում է. «Ծրագիրը գերազանցեց իմ սպասելիքները մենթորների, նրանց մեծ միջազգային փորձի և նաև ողջ թիմի, անդամների, ուսանողների շնորհիվ, քանի որ ես կարծում եմ, որ մեր հայ երիտասարդ սերունդը բավականին խոստումնալից է»։
Մասնակիցներից Անին ընդգծում է. ««Sevan Startup Summit»-ը մեծ հնարավորություն է ցանցայնացման, ամեն օր տարբեր մարդկանց հետ աշխատելու, նրանց հետ ծանոթանալու և կապեր ստեղծելու համար։ Ես հետաքրքիր փորձ ունեցող մարդկանց եմ հանդիպել ու այդ կապերը անպայման կպահեմ»։
Այս հայացքները վկայում են նախագծի փոխակերպիչ բնույթի մասին՝ ուսուցում, կապերի հաստատում և քայլեր դեպի ապագա։

«Talent Generation Track» նախագիծը ապացուցեց, որ ձեռնարկատիրական կրթությունը կարող է լինել ոչ ֆորմալ և միաժամանակ կրել փոխակերպիչ բնույթ։ Բացահայտելուն և հետազոտությանն ուղղված միջավայրում ուսանողները ձեռք բերեցին գործիքներ, վստահություն և հստակություն։
«EU4Innovation East»-ը տարածաշրջանային ծրագիր է, որի նպատակն է ամրապնդել նորարարական էկոհամակարգերը Արևելյան գործընկերության շրջանում։ «Sevan Startup Summit»-ին, մասնավորապես դրա «Talent Generation Track» նախագծին աջակցելը լիովին համապատասխանում է այս առաքելությանը։ «EU4Innovation East»-ը շարունակում է հավատարիմ մնալ նոր գաղափարների խթանման, էկոհամակարգերի միջև կապեր հաստատելու և նպատակաուղղված առաջնորդների նոր սերնդին աջակցելու իր կոչմանը։